Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Լճերի տեսակները և ջրամբարները

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և  կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝  լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝  Բայկալը:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը:Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի  հալոցքաջրերի և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա  լիճը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝  Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Գետեր, լճեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ  մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:   Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը,  աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:  Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝  Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝  Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային  ջրերը, ստորերկրյա ջրերը:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ: