Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Խնդիրներ

1․ Տաթևիկը 17 տարեկան է, իսկ նրա եղբայրը՝ Հայկը, 3 տարով ավելի փոքր է Տաթևիկից: Քանի՞ տարեկան է Հայկը:

17-3=14

2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:

30-20=10

10+6=16

30+6=36

36-16=20

3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անիից քանի՞ անգամ մեծ կլինի:

5×7=35

35+5=40

5+5=10

40:10=4

4. Կարինեի պապիկը 60 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 7 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։

50

Լճերի տեսակները և ջրամբարները

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և  կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝  լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝  Բայկալը:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը:Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի  հալոցքաջրերի և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա  լիճը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝  Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Գետեր, լճեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ  մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:   Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը,  աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:  Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝  Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝  Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային  ջրերը, ստորերկրյա ջրերը:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ: